Հարցազրույց Տատյանա Կոսինցեվայի հետ |
Thursday, 01 July 2010 |
Երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Ձեր առաջին տպավորությունները Ջերմուկի մասին:
Սա իմ առաջին այցն է Հայաստան: Ջերմուկը շատ գեղեցիկ վայր է, բնությունը պարզապես հիացմունք է առաջացնում` սարերը, օդը, … : Հաճելի տպավորություն է թողնում նաև տեղացի մարդկանց բարյացկամությունը:
Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն էր ավելի հաջողակ Ձեզ համար և ի՞նչն էր պատճառը:
Նալչիկում կայացած 3-րդ Գրան Պրի մրցաշարում տարած հաղթանակը:
Ի՞նչ սպասումներ և նպատակներ ունեք այս մրցաշարից:
Գուշակել չէի ցանկանա: Մրցաշարը նոր է սկսել, ամբողջ պայքարն առջևում է: Շատ բան կախված է նրանից, թե շախմատիստը ինչպիսի մարզավիճակում է գտնվում մրցաշարից առաջ: Սովորաբար ես իմ առջև դնում եմ նպատակ` ցույց տալ լավ խաղ, իսկ կախված մրցաշարի ընթացքից փոխվում է նաև նպատակը և խնդիրը:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերն էլ ունեն բավականին ուժեղ կազմ: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասին: Ձեր կարծիքով այստեղ կա՞ն ակնհայտ առաջատարներ:
Այս մրցաշարում հավաքվել է շատ ուժեղ և վառ կազմ: Երեք աշխարհի չեմպիոնուհիների մասնակցությունը արդեն իսկ ամեն ինչ ասում է: Առաջին տուրի արդյունքները արդեն իսկ ցույց տվեցին, որ բոլոր մասնակիցներն էլ տրամադրված են բավականին լրջորեն, այդ պատճառով էլ դժվարանում եմ առանձնացնել որևիցե առաջատարի:
Բնավորության ո՞ր կարևոր գծերն եք գնահատում մարդու մեջ և ինպիսի՞ն կուզենայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Բնավորության գծերը` ազնվություն, բարություն, նպատակասլացություն: Աշխարհի չեմպիոնին ես կցանկանայի տեսնել, որպես խարիզմատիկ անձնավորություն նվիրված շախմատին:
Տղամարդկանց Գրան Պրի մրցաշարը, որը նախորդ տարի անցկացվեց Ջերմուկում, նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, իսկ այս մրցաշարը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտոր Հենրի Կասպարյանին: Ինչանո՞վ եք Դուք ծանոթ նրա ստեղծագործություններին:
Իհարկե ինձ ծանոթ է Հենրիկ Կասպարյանի արվեստը: Էտյուդներն օգնում են շախմատիստին զարգացնել պատկերացումները, արարել: Ես լիարժեք հաճույք եմ ստանում երբ փորձում եմ գտնել կոմպոզիտորների մտքի ուղիները:
|